Ռոհանին ասել է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու պատճառը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է պատճառը՝ ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, հաղորդում է «РИА Новости»-ն:
Պատասխանելով խորհրդարանականների՝ երկրի տնտեսական խնդիրների մասին հարցին՝ Ռոհանին ասել է, որ Թրամփի վրա ազդել են ձմռանն Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը:
«Դեկտեմբերյան-հունվարյան իրադարձությունները դրդեցին Թրամփին հայտարարել. «Ես չեմ մնա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում (ՀԳՀԾ), կմնամ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և այլ երկրներն աջակցեն ինձ տարածաշրջանի և հրթիռների հարցում: Եթե նրանք չանեն դա, ես դուրս կգամ միջուկային համաձայնագրից միակողմանի կարգով»,- ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:
Հունիսին Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից:
Իրանում դեկտեմբերի վերջին ու հունվարի սկզբին հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով: Ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, Ղոմում, Քերմանշահում, Մեշհեդում, այլուր:










