«Ռուսաստանը երբեք չի միջամտում օտար երկրների ներքին գործերին». Լավրով

12:03 • 28.08.18

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովակիայում հրատարակվող Pravda պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում օտար երկրների ներքին գործերին և որ այդ մասին որևէ մեկի մոտ կասկածներ չպետք է մնան։

«Ուզում եմ միանգամից ասել․ մենք երբեք չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին։ Դա մեր մեթոդը չէ», - ասել է Լավրովը՝ պնդելով, որ հենց դրանով է Ռուսաստանը տարբերվում այլ երկրներից։

Նախարարն ակնարկել է, որ Ռուսաստանին նման գործողություններում մեղադրողներն իրենք պետք է հիշեն «արաբական գարնան» իրադարձություններին արտաքին միջամտության, ինչպես նաև Ուկրաինայում հեղաշրջման հրահրման մասին։

Նշենք, որ Ռուսաստանը պարբերաբար հերքում է տարբեր երկրների ու գլխավորապես ԱՄՆ-ի ընտրություններին միջամտություն ցուցաբերելու վերաբերյալ մեղադրանքները։