Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ, ձերբակալվել՝ 18-ը

16:19 • 28.08.18

Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի ու Վրաստանի քաղաքացիներ՝ Բիրյուլյովո շրջանում զանգվածային ծեծկռտուքի մասնակցելու պատճառով, հաղորդում է rusarminfo.ru-ն։

Նշվում է, որ վեճի պատճառ է հանդիսացել «ВАЗ» և Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ վթարը։ Վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճել, տղամարդկանցից մեկն իր ձեռքն է վերցրել տրավմատիկ ատրճանակ, իսկ մյուսը՝ մուրճ։ Ծեծկռտուքին են միացել նաև մեքենայում նստած մարդիկ ու վարորդներից մեկի ընկերները, որոնք աշխատում են դեպքի վայրից ոչ հեռու։


Ինչպես հայտնում է rbc.ru-ն, ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ․ տղամարդկանցից մեկը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք ու քթոսկրի կոտրվածք, տուժածներից մյուսը նույնպես ունի փակ գանգուղեղային վնասվածք, որովայնի ու արմունկի հատվածում վնասվածքներ, իսկ երրորդի մոտ առկա են եղել հրազենային ու կտրող-ծակող գործիքով վնասվածքներ։

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 18 մարդ, դեպքի հանգամանքները պարզվում են։