ԱԺ արտահերթ նստաշրջանը՝ ուղիղ. օրակարգում Սևանա լճից լրացուցիչ ջրառի թույլտվության նախագիծն է

10:59 • 28.08.18

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մեկ հարց է՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս նախագծով առաջարկվում է հաստատել 2018 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը:


«2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ: 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման»,- նշված է նախագծում:  


Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստին հիշեցրել է, որ օրենքն արգելում է լճի բացասական հաշվեկշիռը, վարչապետն էլ հայտարարել է, որ երկար ու բուռն քննարկումներից հետո են այս եզրակցության եկել. եթե Սևանից լրացուցիչ ջուր բաց չթողնվի, գյուղացին աղետի առաջ կկանգնի, ուստի ԱԺ-ին կներկայացվի մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը:

Նշենք նաև, որ «Փրկենք Սևանը» նախաձեռնությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան բողոքի ակցիա անցկացնի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ԱԺ-ից մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: