Մարտիրոս Սարյանի կտավների կեղծման մասին դիմումի հիման վրա հարուցվել է քրգործ. Դատախազություն
Մարտիրոս Սարյանի կտավների կեղծման մասին դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ պատասխանելով հարցին, թե կտավների կեղծման մասին Դատախազությունը դիմում էր ստացել, ինչ ընթացք է տրվել:
«Դիմումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժին, որտեղ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 158 հոդվածով (հեղինակային և հարակից իրավունքները խախտելը): Գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատախազությունից հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Հիշեցնեք, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհին ՝ Ռուզան Սարյանը դիմել էր Մշակույթի նախարարություն՝ հայտնելով, որ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված նկարչի կտավների փորձաքննության դրական եզրակացությունն իրականությանը չի համապատասխանում, կեղծված է նաև իր ստորագրությունը:










