Թրամփը չեղարկել է Պոմպեոյի այցը Փհենյան՝ ագրեսիվ բովանդակությամբ նամակի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը ԿԺԴՀ՝ ագրեսիվ բովանդակությամբ նամակի պատճառով, որը Պոմպեոն ստացել է հյուսիսկորեական կողմից, գրում է The Washington Post-ը:
Հաղորդվում է, որ Պոմպեոն գաղտնի նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլից, որից հետո ամերիկյան կողմը համոզվել է, որ և՛ նախագահի, և՛ պետքարտուղարի այցը Հյուսիսային Կորեա անհաջող կանցնի:
Նամակի բովանդակությունը հայտնի չէ, սակայն այնուամենայնիվ՝ նշվում է, որ այն «բավական ագրեսիվ» է եղել, որպեսզի Թրամփն ու Պոմպեոն չեղարկեն այցը, որի ժամանակ պետքարտուղարը մտադիր էր ներկայացնել ԱՄՆ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին իր հյուսիսկորեացի գործընկերներին:










