Բրազիլիան զորք է ուղարկում Վենեսուելայի հետ սահման
Բրազիլիայի կառավարությունը զորք է ուղարկում Վենեսուելայի հետ սահմանին մոտ գտնվող Ռորայմա նահանգ՝ վենեսուելացի ներգաղթյալների հոսքի պատճառով անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Թեմերը, գրում РИА Новости-ն:
«Այսօր ես հրամայել եմ կիրառել զինված ուժեր՝ Ռորայմա նահանգում իրավակարգի պահպանման համար… որպեսզի ապահովվի բրազիլացիների, ինչպես նաև իրենց երկիրը լքած և Բրազիլիայում ապաստան փնտրող վենեսուելացի ներգաղթյալների անվտանգությունը»,- հայտարարել է Թեմերը:
Նշենք, որ ավելի վաղ Բրազիլիայի կառավարությունն արդեն 120 զինծառայող է ուղարկել Ռորայմա նահանգ՝ ներգաղթյալների հոսքի հետևանքով միջադեպերը կանխելու համար:
Հիշեցնենք, որ Բրազիլիան միակը երկիրը չէ, որտեղ կտրուկ աճել է վենեսուելացի ներգաղթյալների թիվը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փախստականների պատճառով Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել երկրի մի շարք շրջաններում:
Վերջին տարիներին Վենեսուելայի հազարավոր բնակիչներ լքում են երկիրը ծանր տնտեսական իրավիճակի պատճառով: Նրանք ապաստան են խնդրում Բրազիլիայում, Էկվադորում, Պերուում և մի շարք այլ երկրներում: Որոշ հաշվարկներով՝ վենեսուելացի փախստականների թիվն արդեն հասել է մեկ միլիոնի:










