Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են օդաչուի արտոնագրեր տրամադրել

14:55 • 29.08.18

Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են օդաչուների արտոնագրեր տրամադրել. այսուհետ նրանք կարող են վարել ավիաընկերությունների քաղաքացիական ինքնաթիռները: Այդ մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հինգ արտոնագիր է տրամադրել կին օդաչուներին՝ թույլ տալով նրանց աշխատել Saudi Arabian Airlines ավիաընկերության չվերթների ժամանակ:

Նշվում է, որ կանանց արտոնագրեր տրամադրելը GACA-ի գործողությունների ծրագրի մի մասն է, որի համաձայն կանայք ավիացիայի ոլորտում աշխատելու հնարավորություն կստանան. սա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նպատակներից մեկն է:

Հայտնի է, որ վերջերս ծագումով Սաուդյան Արաբիայից բազմաթիվ կանայք սկսել են աշխատել GACA-ում և տեխնիկական ոլորտներում ծառայութուններ տրամադրող մի շարք այլ ընկերություններում:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը հրամանագիր է ստորագրել, որով կանայք իրավունք են ստացել տղամարդկանց հետ հավասար վարորդական իրավունք ստանալ:

Այս տարվա հունիսին Սաուդյան Արաբիայի բնակչուհիները, որոնք մեքենա վարելու իրավունք են ստացել, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայություններում: