Հունաստանում Պիրեյոսից Կրետե ուղևորվող նավի վրա հրդեհ է բռնկվել, տարհանվել է շուրջ 1000 մարդ (տեսանյութ, լուսանկարներ)

09:45 • 29.08.18

Հունաստանում ավելի քան հազար մարդ տարհանվել է Պիրեյոս քաղաքից Կրետե կղզի ուղևորվող Eleftherios Venizelos նավի վրա բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է հունական Proto Thema պարբերականը։

Հայտնի է, որ ANEK ընկերությանը պատկանող նավի վրա գտնվել է 1.016 մարդ, որոնցից 141-ը՝ աշխատակազմի անդամներ։ Բացի այդ՝ նավի վրա գտնվել է 80 բեռնատար և 125 մարդատար մեքենա։

Հրդեհի մասին ահազանգը տրվել է նավի՝ Պիրեյոսի նավահանգստից շարժվելուց 40 րոպե անց, ուղևորներին հաջողվել է օպերատիվ կերպով տարհանել, տուժածներ չկան։ Ըստ Skai հեռուստաընկերության՝ տարհանումը տևել է շուրջ 2 ժամ։

Նախնակյան տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է նավի ավտոտնակի տարածքում․ սկսել է այրվել այնտեղ կայանված բեռնատարներից մեկը, վնասվել են այլ մեքենաներ։

Eleftherios Venizelos նավը կառուցվել է 1984 թվականին, այն նախատեսված է 2.500 ուղևորի և 850 մեքենաների փոխադրման համար։