Google Maps-ը շտապել է Սենատի շենքերից մեկն անվանափոխել Ջոն ՄաքՔեյնի պատվին

23:51 • 29.08.18

Քարտեզագրման Google Maps ծառայությունը շտապել է ԱՄՆ Սենատի աշխատանքային շենքերից մեկն օրեր առաջ կյանքից հեռացած սենատոր Ջոն ՄաքՔեյնի պատվին անվանակոչելու հարցում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օրենսդիրները քննարկում են անվանափոխության միտքը, սակայն Google Maps-ում այսօր արդեն շենքը անվանվել է «ՄաքՔեյնի անվան Սենատի գրասենյակային շենք»: Ի դեպ, այն հնարավոր է գտնել նաև հին անունով, որն է «Ռասելի անվան Սենատի գրասենյակային շենք»: Այդ շենքում է եղել նաև սենատոր ՄաքՔեյնի աշխատասենյակը:

Այն բանից հետո, երբ անվանափոխության մասին լուրը տարածվել է համացանցում, սխալն անմիջապես ուղղել են: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի առավել ազդեցիկ սենատորներից մեկը հանդիսացող Ջոն ՄաքՔեյնը մահացել է շաբաթ 81 տարեկան հասակում՝ մեկ տարի գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: