Ցավոք, կառավարությունը մինչ այժմ գործուն քայլեր չի արել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հետ կապված (տեսանյութ)

14:38 • 30.08.18

Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողով է վերադարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով այսօր եկել էր կառավարության նիստին:  Լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ասաց, որ իրեն հանձնաժողովի կազմ են վերադարձրել իր քննադատությունից հետո:

«Վարչապետի որոշմամբ ինձ հանել էին ստեղծված հանձնաժողովից, բայց իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո խորհրդարանը ներգրավվեց, վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ես վերադարձվեցի կազմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ իրեն լավություն չեն արել, որ ընդգրկել են այս աշխատանքային խմբում, ոչ էլ ինքն է լավություն արել կառավարությանը:

«ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացումը այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի: Ես առաջարկել եմ համաձայնագրի իրականացումն ընդգրկել որպես ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը չարեց, մինչ այսօր գործուն քայլեր համաձայնագրի իրականացման հետ կապված չեն արվել»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է: