Դանիայի վարչապետը հեծանվով ցույց է տվել Կոպենհագենը Ֆրանսիայի նախագահին (լուսանկարներ, տեսանյութ)

13:08 • 30.08.18

Դանիայի վարչապետ Լարս Լյուկե Ռասմուսենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեծանիվներով զբոսնել են երկրի մայրաքաղաք Կոպենհագենով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Facebook-ի Cycling Embassy of Denmark էջում:

Ինչպես նշում է The Local-ը, Մակրոնը և Ռասմուսենը մոտ մի ժամ հեծանիվներով զբոսնել են Կոպենհագենով, և Դանիայի վարչապետը մտերմիկ միջավայրում ցույց է տվել քաղաքը Ֆրանսիայի նախագահին:

«Ավտոմեքենաների մգեցված ապակիներ չկային, երբ Դանիայի վարչապետ Լարս Լյուկե Ռասմուսենը ցույց էր տալիս Կոպենհագենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քանի որ նրանք զբոսնել են հեծանիվներով»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իր այցի երկրորդ օրը Մակրոնը հայտնել է, որ հաջորդ «Տուր Դե Ֆրանս» հեծանվարշավը սկսվելու է հենց Կոպենհագենից:

Նշվում է, որ Մակրոնը դեղին վերնաշապիկ է նվիրել Ռասմուսենին, որը կրում են հեծանվարշավների առաջատարները և հաղթողները: Վերնաշապիկի վրա ներկայիս չեմպիոն Գերայնտ Թոմասի ստորագրությունն է: