Գերմանիայում անհայտ անձինք երկաթե շղթայով ծեծի են ենթարկել սիրիացի ներգաղթյալին

13:24 • 30.08.18

Գերմանական Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասի Վիսմար քաղաքում անհայտ անձինք երկաթե շղթայով ծեծի են ենթարկել 20-ամյա սիրիացի ներգաղթյալին: Այդ մասին տեղեկացնում է Die Zeit-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի ուշ երեկոյան: Երեք հարձակվողներից երկուսը մոտեցել են ավտոկայանատեղով անցնող ներգաղթյալին, որը տուն էր գնում, ու հարվածել նրա դեմքին, իսկ երրորդը երկաթե շղթայով հարվածել է նրա ուսերին ու կողոսկրերին:

Այնուհետև ներգաղթյալն ընկել է գետնին, և հարձակվողները սկսել են ոտքերով հարվածել նրան: Սիրիացին քթի կոտրվածք և հեմատոմաներ է ստացել: Ծեծից հետո հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և ամբուլատոր բուժում ստացել, ինչից հետո վերադարձել է տուն:

Նշվում է, որ հարձակվողները խոսել են գերմաներեն: Այժմ նրանց որոնում է ոստիկանությունը: