Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր քննություն է մեզ համար և այն պետք է գերազանց ստանանք. Վարչապետ

16:20 • 30.08.18

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ենթադրում է որոշակի ստացումների կաշառք վերցնելու, խնդրելու, բարեգործության, կրկնաքվեարկության  և ընտրախախտումներ իրականացնելու արարքների խստացում, որոշ արարքների քրեականացում, ինչի արդյունքում դրանք կդիտարկվեն ծանր հանցագործություններ:

Ըստ նախագծի՝  մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունը արարքի հանրային վտանգավորությանը, այլև առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները: Բացի դրանից, օրենսդրական առաջարկության ընդունմամբ` ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները և կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից:

Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է նաև հստակեցնել ընտրակաշառք տալու սուբյեկտիվ կողմի օրենսդրական ամրագրումը, ինչպես նաև քրեականացնել ներկայումս հանցագործություն չհամարվող մի շարք արարքներ՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը: Նախատեսվում է նաև, որ փոփոխությունների արդյունքում բարեխիղճ քաղաքացիների մոտ կվերանա այլ` անձի փոխարեն քվեարկելու մասին ընտրական հանձնաժողովներին հայտարարություն տալու կաշկանդվածությունը:

Բացի դրանից, երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարվելը, որպես ընտրակաշառք տալու և ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու ծանրացնող հանգամանք  նախատեսելը, թույլ կտա այդ արարքի համար նախատեսել որոշակի ժամկետով ազատազրկում՝ չորսից վեց տարի, ինչի արդյունքում այն կդասվի ծանր հանցագործությունների շարքին, և էականորեն կբարձրանա օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում տվյալ հանցանքի բացահայտման հավանականությունը:

Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանա ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար եւ այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ սա լուրջ հարված է լինելու ընտրակաշառքին և զգալի առաջ ենք գնալու պայքարի այս ոլորտում: Վարչապետը հավելեց, որ գնալու են այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա: «Պետք է բացառենք նման երևույթները և Երևանի ավագանու ընտրությունները այս առումով շատ կարևոր քննություն է մեզ համար և այն պետք է գերազանց ստանանք»,-ասաց նա:

ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ երեքից հինգ տարին չորսից վեց տարի դարձնելու արդյունքում հանցագործությունը միջինից դառնում է ծանր և արդյոք դա վերլուծության արդյունք  է, թե պարզապես ցույց ենք տալիս, որ ավելի խիստ են պատժվելու:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա իրենց ուղերձն է, որը հիմնված է իրողությունների վրա: Նա նշեց, որ  ընտրական պրոցեսի նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է և վտանգավորությունը դրանով է որոշվում: Նա հույս հայտնեց, որ դրանով կկարողանան արմատախիլ անել ընտրակաշառք վերցնելը, խնդրելը:

Արծվիկ Մինասյանի մյուս մտահոգությունը վերաբերում էր քվեարկության արդյունքի նկարի հրապարակումը կարգավորելուն և նշեց, որ ավելի հստակեցված կլինի, եթե ընդհանրապես արգելվի այն:

«Պատկերացրեք որևէ մեկը փորձում է ընդգծել ցույց տալ հանրությանը, թե որքան է զզվում այս թեկնածուից և հայհոյանք է գրում և հրապարակում քվեարկության թերթիկ, սա դատապարտելի չէ՞»,-հարց բարձրացրեց Արծվիկ Մինասյանը:

Արդարադատության նախարարն ի պատասխան նշեց, որ դա քաղաքացիաիրավական պատասխանատվություն է առաջացնում և եթե շահադիտական նպատակ չկա ու դրա համար քաղաքացին կաշառք չի ստացել, ապա առաջանում է պատվի արժանապատվության հարց:

Հարցին արձագանքեց Արարատ Միրզոյանը՝  նշելով.«Խոսքը նրա մասին է, եթե դուք ինձ հարկադրել եք որևէ ձևով քվեարկվել ձեր նախընտրած թեկնածուի օգտին և որպես ապացույց ներկայացնել լուսանկարը, ապա այս դեպքում ես և դուք կհայտնվենք ճաղերի հետևում»:

Արծվիկ Մինասյանը շարունակեց պնդել, որ քվեարկության գաղտնիությունը Սահմանադրական նորմ է, և նույնիսկ ազնիվ ցանկությամբ չպետք է թույլատրել հրապարակել քվեաթերթիկի արդյունքները և այլ բան է, որ շահադիտական նպատակով հրապարակելու համար խստացնել պատիժը:

Մանե Թանդիլյանը ևս նշեց, որ անվերահսկելի է դառնում հրապարակայնացնելու դրդապատճառը:

Այսպիսով` վարչապետը ամփոփելով քննարկումն ասաց, որ նախագիծը դեռ Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»: