Թբիլիսիում վթարից տուժածներին հետագա օգնության նպատակով հայ մասնագետները կրկին Վրաստանում են մեկնել
Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու հարցերը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով օգոստոսի 29-ին Հայաստանից Թբիլիսի է ուղևորվել շտապբուժօգնության վերակենդանացման բրիգադ:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները գնահատել են Թբիլիսիում դեռևս բուժվող 2 քաղաքացու առողջական վիճակը: Հաշվի առնելով տուժածների վիճակի ծանրությունը՝ որոշվել է նրանց չտեղափոխել՝ նպատակահարմար համարելով սպասել վիճակի որոշակի կայունացման:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ է ինչպես Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հաստատությունների, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպանության հետ` անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու հրատապ օժանդակություն:
Սա հայ մասնագետների երրորդ այցն էր Թբիլիսի: Նախորդ այցերի ժամանակ, դեսպանության նախաձեռնությամբ և առողջապահության նախարարի հանձնարարությամբ, Հայաստան է տեղափոխվել ծանր կայուն վիճակում գտնվող Ա. Խ.-ն` հարազատների ցանկությամբ բուժումը ՀՀ-ում շարունակելու նպատակով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետևանքով տուժել էր ՀՀ 9 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: 8-ը տեղափոխվել էին թբիլիսյան տարբեր բուժհաստատություններ: Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարություններն օպերատիվ կերպով ուշադրության տակ են պահում բոլոր տուժածների վիճակը:










