Սամվել Կարապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց ցանկում

11:46 • 30.08.18

Հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը, որում տեղ է գտել նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հայտնի է, որ Կարապետյանը զբաղեցրել է ցանկի 95-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել դրանում ներառված անձանց գործունեության ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, ինչպես նաև նրանց հնարավորությունները՝ ազդելու որոշակի ոլորտների վրա, անգամ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերը։

Հատկանշական է, որ ցուցակը գլխավորել է հենց ՌԴ նախագահ Պուտինը, նրան է հաջորդել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, իսկ եռյակը եզրափակել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Ցանկում տեղ են գտել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (5-րդ տեղում), արտգործնախարար Սերգեյ Լավրովը (21-րդ տեղում), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (30-րդ տեղում), ցանկը եզրափակել է քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին (100-րդ տեղում)։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։

2017-ին Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում՝ նույն ամսագրի վարկածով։ Կարապետյանն այդ ժամանակ զբաղեցրել էր հեղինակավոր ցուցակի 3-րդ տեղը։