ԱՄՆ-ում 15-ամյա սևամորթ տղայի գնդակահարած նախկին ոստիկանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ում դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ոստիկանին, որը գնդակահարել էր 15-ամյա սևամորթ դեռահասի, հաղորդում է WFAA հեռուստաալիքը։
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին՝ Տեխասի Դալաս շրջանի Բալչ Սփրինգս քաղաքում։ Ոստիկանության աշխատակից Ռոյ Օլիվերը, որը ժամանել էր աղմկոտ երեկույթի մասին ահազանգի հիման վրա, սկսել էր կրակել տեղից փախչել փորձող դեռահասների մեքենայի ուղղությամբ։
Կրակոցների ժամանակ գնդակներից մեկը դիպել էր 15-ամյա Ջորդան Էդվարդսի գլխին, երեխան տեղում մահացել էր։ Օրեր անց Օլիվերն ազատվել է աշխատանքից և ստիպված եղել կանգնել դատարանի առաջ։
Բացի 15 տարվա ազատազրկումից՝ Օլիվերը պետք է վճարի նաև 10.000 դոլար տուգանք։ Նշվում է, որ Օլիվերն անցած 40 տարվա ընթացքում առաջին դատապարտված ոստիկանն է Դալասից։










