Թրամփը կարծում է, որ այլևս կարիք չկա «մեծ գումարներ ծախսել» Հրվ. Կորեայի հետ համատեղ զորավարժությունների համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայում որևէ անհրաժեշտություն չկա «մեծ գումարներ ծախսելու» Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման համար։ Այդ մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հարաբերությունները ներկայում համարում է «ջերմ», այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չի տեսնում ծախսեր անել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների համար։
«Այնուամենայնիվ, (ԱՄՆ) նախագահը կարող է վերականգնել Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ համատեղ զորավարժությունները, եթե անհրաժեշտ համարի դրանք»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:
Հատկանշական է, որ համաձայնագրում բացակայում է միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ոչնչացնելու մասին պահանջը։










