Ժամանակը ցույց կտա, ոչինչ բացառել  չեմ կարող. Մարինա Խաչատրյանը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

17:57 • 31.08.18

Կուսակցությունը լքելու պատճառը քաղաքական ու սկզբունքների անհամաձայնությունն էր։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը լքած Մարինա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այլևս հնարավոր չէր կուսակցությունում համատեղ աշխատանք շարունակել կոնկրետ քաղաքական դաշտում։  Ըստ նրա՝ որոշումը կայացվել է կոլեգիալ, այսինքն՝ կուսակցությունը լքած մյուս անդամների հետ համատեղ։

«Սկզբունքների մասին է խոսքը, որ գուցե մեր պատկերացումների մեջ տարբերություններ կան, այսինքն՝ այն ժողովրդավարությունը, որ ես եմ պատկերացնում, բացարձակապես այլ պատկեր ունի, քան այն ժողովրդավարությունը, որը  կիրառվում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունում։ Չեմ կարող ասել, որ մեկը սխալ է, պարզապես մեր պատկերացումներն են տարբեր, գուցե յուրաքանչյուրս յուրովի ենք ճիշտ։ Ամեն դեպքում, առաջնահերթը մեզ համար մեր հայրենիքն է, մեր ժողովրդի խնդիրներն են»,- ասաց նա։

Խաչատրյանը որևէ մեկի մեղադրել չի ցանկանում, ավելին՝ չի բացառում, որ պարզապես իր և կուսակցության մյուս անդամների՝ խնդիրների լուծման եղանակները տարեր են։ Ըստ նրա՝ քաղաքական տարբերություններն աստիճանաբար են կուտակվել։ 

«Տարբերություններն աստիճանաբար են կուտակվել, բայց տարաձայնություններ չեն, այլ կան մոտեցումների տարբերություններ։ Գիտե՞ք՝ ինձ երբեք թույլ չեմ տա դիմացինին ստիպել, որ փոխի իր սկզբունքներն ու մոտեցումները, բայց ինքս էլ չեմ կարող թույլ տալ, որ իմ մոտեցումներն անտեսվեն, ու սկզբունքներս ոտնահարվեն։ Միևնույնն է, շարունակելու եմ իմ հայրենիքի համար աշխատել՝ թե՛ որպես  բժիշկ, թե՛ որպես քաղաքական գործիչ»,- հավելեց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս վստահեցրեց՝ ինքը լինելու է այնտեղ, որտեղ պետք է հայրենիքին։ Սակայն Խաչատրյանը հստակ պատասխան չտվեց հարցին՝ արդյոք «Երկիր Ծիրանի» կուսակցությունը լքած անձինք նոր քաղաքական ուժ կստեղծեն, թե ոչ. «Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, ոչինչ բացառել չեմ կարող»,- կարճ պատասխանեց նա։

Ինչ վերաբերում է ԵԾԿ նախագահ Զարուհի Փոստանջյանի արձագանքին՝ կուսակցության անդամների հեռանալու հետ կապված, Մարինա Խաչատրյանը նշեց, թե դեռևս Փոստանջյանի արձագանքի մասին ինքը տեղյակ չէ, սակայն էլփոստով նրան տեղեկացրել են։ Մարինա Խաչատրյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, հայտարարեց, թե նա կսատարի այն քաղաքական ուժին, որի ծրագիրն իրեն դուր կգա։

«Կսատարեմ մեր ժողովրդին, քաղաքական ուժերը դեռևս չեն իրականացրել իրենց քարոզարշավը, չեն ներկայացրել իրենց ծրագրերը, այնպես որ կկատարեմ ընտրությունս այնպես, ինչպես բոլոր երևանցիները»,- եզրափակեց Մարինա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը։

 

 

ՀեղինակԱնի Օհանյան