Վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. նրան պատրաստվում են վիրահատել

14:18 • 31.08.18

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոսպիտալի պետ գնդապետ Դանիել Մկրտչյանը:

«Երևանի բնակիչ 23-ամյա Գառնիկ Մկրտչյանի վիճակը ծանր է՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Այժմ պատրաստվում ենք գլխուղեղը վիրահատել: Գառնիկին այսօր լուսադեմին են Երևան բերել, մինչ այդ նա Սպիտակի բժշկական կենտրոնում էր: Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը ստացել է դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ և քունքային շրջանի պատռած վերք, ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- նշեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում: Մեքենայի վարորդը՝ 22-ամյա Դավիթ Գալստյանը, տեղում մահացել է: