Երևան-Արմավիր ճանապարհը բաց է. գեղակերտցիները վաղը ոռոգման ջուր կունենան (թարմացված)
14։00
Երևան-Արմավիր ճանապարհը բաց է, գեղակերտցիները դադարեցրել են բողոքի ակցիան։
«Քիչ առաջ Էջմիածնից եկավ ջրային տեսչության պատասխանատու Սեդրակյանը, ով հայտնեց, որ վաղն անպայման ոռոգման ջուր կունենանք։ Այս պահին բողոքի ակցիան դադարեցվել է, սակայն եթե վաղը ոռոգման ջուր չունենանք, ապա ճանապարհը կրկին փակելու ենք»,- ասաց Գեղակերտի բնակիչը:
Հարցին, թե եթե ոռոգման ջրով կարող էին վաղը ապահովել, ապա որն էր պատճառը, որ համայնքը 20 օր է՝ ոռոգման ջուր չունի, բողոքի ակցիայի մասնակիցն ասաց, որ նշել են, որ Սևանից ջրի մատակարարման խնդիր է եղել, որը կվերացվի:
12։30
«Ոստիկանության ներկայացուցչի հետ բանակցություններից հետո եկանք ընդհանուր հայտարարի՝ կես ժամով բացել Երևան-Արմավիր ճանապարհը: Այդ ժամանակահատվածում սպասում ենք մարզպետարանի ջրային տեսչության ներկայացուցչին, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի: Այժմ ճանապարհը բաց է, սակայն բնակիչները շարունակում են մնալ ճանապարհին, և եթե կես ժամվա ընթացքում պատասխանատու անձինք չներկայանան՝ ճանապարհը կրկին կփակենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
------------------------
Երևան-Արմավիր մայրուղին արդեն մեկ ժամ է՝ երկկողմանի փակ է:
Tert.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ճանապարհը փակել են Գեղակերտ համայնքի բնակիչները, ովքեր ոռոգման ջրի խնդիր ունեն:
«Արդեն մեկ ժամ է՝ ճանապարհը երկկողմանի փակ է ու չի բացվելու, մինչև մեր խնդրին լուծում չտան: Արդեն 20 օր է՝ համայնքը ոռոգման ջուր չունի, որևէ բացատրություն չկա, թե ինչու են ամառվա ընթացքում մեզ զրկել ոռոգման ջրից»,- ասաց Գեղակերտ համայնքի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:
Նա հայտնեց, որ մինչև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կամ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը չգնան համայնք և խնդրին լուծում չտան, ճանապարհը չի բացվելու:
«Այստեղ են ոստիկանության ծառայողներ, մարդիկ, ովքեր հորդորում են բացել ճանապարհը, բայց ճանապարհը չի բացվելու, մինչև համայնքը ոռոգման ջուր չունենա»,- ասաց բնակիչը:










