Պետք է կոմպրոմիսային դաշտ ձևավորվի, որպեսզի սև-սպիտակի բաժանումը բախման չհանգեցնի. Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հետհեղափոխական էյֆորիան այս ամիսների ընթացքում պահպանվել է, ինչը բացասական է ազդում քաղաքական դաշտի, մրցակցային կենտրոնների ձևավորման վրա:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ ցանկացած հետհեղափոխական փուլ բերում է իր օրինաչափությունները, կան մտահոգություններ, որ մեկ անձի իշխանությունն անցնում է մեկ այլ անձի իշխանության, մեկի մոնոպոլիան փոխարինվում է մյուսի մոնոպոլիայով:
«Սա օբյեկտիվ իրականություն է, 20-25 տարուց ավելի հանրությունը չի կարողացել ներքևից փոխել իշխանությունը, և այժմ խոր էյֆորիայի մեջ է մտել: Հանրությունը հիվանդ էր. եթե հիվանդ չլիներ՝ հեղափոխություն չէր լինի, հիվանդ հասարակության մեջ առաջացել է հեղափոխություն, այն բերել է էյֆորիա, ինչը վտանգավոր է. հնարավոր չէ արագ լուծումներ տալ դաշտը օբյեկտիվ դարձնելու համար»,- շեշտեց նա։
Երվանդ Բոզոյանը վտանգավոր է համարում հասարակության մեջ սև–սպիտակի բաժանումը:
«Դա ցանկացած հեղափոխության խնդիրն է, կարծում եմ՝ դուք էլ ծանոթ եք հարուստ գրականությանը, որը կար 1917 թ-ի ռուսական հեղափոխությունից հետո, երբ որ հսկայական մտավորական զանգված հայտնվել էր կարմիրների և սպիտակների արանքում և փորձում էր հանդարտեցնել, բայց նրանք չկարողացան կանգնեցնել: Ցանկացած հեղափոխություն բերում է սև-սպիտակի գունային հաստատմանը, որը խիստ վտանգավոր է և բացասական հետևանքներ է բերում երկրի համար, թե որքանով կհաջողվի սև-սպիտակային տիրույթը թուլացնել, դժվար է ասել: Լավագույն տարբերակը կլինի այն, որ մտածող հասարակությունը կարողանա կոմպրոմիսային դաշտ ձևավորել երկու կողմերի համար, որպեսզի մեծ բախման չհանգեցնի այդ ամենը: Դրա լավագույն տարբերակը ԸՕ–ի ընդունումն է և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը սահմանվել է Կառավարության կողմից»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե նոր իշխանությունների կողմից էյֆորիան պահպանելու ձգտում չի տեսնում՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշողը հրապարակն է, Երվանդ Բոզոյանն ասաց, որ կարծում է՝ պարզապես դիրքային պայքար է ընթանում:
«Իշխանությունն ունի կասկած, որ ընդդիմությունը ներկուլիսային դավադրություններով կարող է թույլ չտալ, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն. փաստորեն փորձում է ճնշում գործադրել նախկին իշխանության վրա՝ ասելով, որ եթե փորձես կուլիսային պրոցեսներով տապալել այդ գործընթացը, ապա ես կդիմեմ ժողովրդին: Կարծում եմ՝ դիրքային պայքար է ընթանում, լավ է, որ այդ դիրքային պայքարն ավարտվեց Փաշինյանի և Բաբլոյանի հանդիպով, հանդիպումը լարվածությունը լիցքաթափեց»,- շեշտեց նա:










