Հարավային Կորեայում կարգելվի սուրճի վաճառքը դպրոցներում

16:52 • 31.08.18

Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են երկրի դպրոցներում կոֆեին պարունակող խմիչքների վաճառքը։ 

Նորացված «Երեխաների համար անվտանգ դիետայի մասին հատուկ օրենք»-ն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 14-ից, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Հրվ․ Կորեայի կանոնադրության ու ներքին գործերի նախարարությունը հրապարակել է օրենքի նորացված տարբերակը, որը նախատեսում է սուրճի և կոֆեինի բարձր պարունակությամբ այլ խմիչքների վաճառքի արգելք սահմանել դպրոցների ու դրանցից 200 մետր շառավղով տարածքներում։ Օրենքը կոչված է ընտելացնելու երեխաներին ճիշտ սննդային սովորությունների։

Օրենքը խախտողներին սպառնում է 10 մլն վոն և ավելի տուգանք, ինչը հավասար է մոտ 9 000 ԱՄՆ դոլարին։

Օրենքի նախորդ տարբերակում իշխանությունները թույլատրել էին կոֆեինի պարունակությամբ որոշ խմիչքների վաճառքը, սակայն դրանք կարող էին գնել միայն մեծերը։