Պուտինը Քոչարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս նկատմամբ սկսված քրեական հետապնդման հարցը չի քննարկել․ Պեսկով

15:38 • 31.08.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ առաջնորդը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել վերջինիս նկատմամբ հայրենիքում սկսված քրեական հետապնդման հարցը, գրում է life.ru-ն։

«Պուտինն ու Քոչարյանը պահպանում են ջերմ հարաբերություններ, որոնք որևէ կերպ ենթակա չեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը»,- ասել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը՝ Պուտինն այսօր հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 64-ամյակի առթիվ: 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։