Մարդիկ մեծ սպասումներ ունեն, որ պետք է ամեն ինչ լավանա, բայց իրական փոփոխություններ չկան. Արամ Գասպարի Սարգսյան
Մարդկանց սպասումները նոր կառավարությունից մեծ են, բայց իրական փոփոխություններ չկան. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով նոր կառավարության պաշտոնավարման 100-օրյա գործունեությանը:
«Մարդիկ մեծ սպասումներ ունեն, որ բեռը կթեթևանա, որ պետք է ամեն ինչ լավանա, և հուսով են, որ նախորդի էջը ուղղակի փակվեց. այդ տեսակետից իհարկե պաշտպանում ենք այսօրվա կառավարության գործունեությունը, բայց ինչ վերաբերում է իրական փոփոխություններին, իհարկե այդպիսիք չկան»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը գրեթե երկու շաբաթ շրջել է հանրապետության տարբեր մարզերով, Արցախով, և ձեռք բերված տվյալների համաձայն՝ կարող է փաստել, որ տնտեսական քաղաքականությունը նոր Կառավարության օրոք չի փոխվել:
«Այսինքն՝ նրանք համարյա շարունակում են նույն նեոլիբերալ քաղաքականությունը, որը վարել են նախորդ իշխանությունները»,- ասաց նա:
Երկրորդ հանգամանքը, որը Սարգսյանին և իր կուսակցությանը շատ է հետաքրքրում, դա, նրա խոսքով, ընտրովի արդարադատությունն է: «Մեր կուսակցությունը միշտ ասել է, որ այս իրավիճակի համար երեք նախագահներից ամեն մեկը պատասխանատու է իր չափով, սակայն մենք առաջին նախագահի հետ կապված որևէ հարցադրում չենք տեսնում, և դա նույնպես մեզ մտահոգում է, մենք չենք ուզենա՝ ևս մեկ անգամ դեժավյու ապրենք ՀՀՇ-ի վերածննդի և նրա քաղաքական կուրսի հետ կապված»,- ասաց նա:
Անդրադառնալով արտաքին հարաբերություններին՝ Դեմոկրատական կուսակցության նախագահն ասաց, որ իհարկե կոպիտ սխալներ են եղել: «Եթե դրանք սխալներ են, եթե ոչ մտածված քայլեր են, ապա դա աղետ է, որովհետև մեր դաշնակցի հետ հարաբերությունների խաթարումը մի բան է՝ գնալ ասել, որ անպայման կատարելու ենք մեր պարտականությունները, մնացած այլ բաները, հետո գործի մեջ պարզվի, որ հակառակն եք անում: Չեմ ուզում կրկնել, որ Խաչատուրովի հետ կապված խնդիրը մեծ հարված հասցրեց հարաբերություններին. ոչ թե կոնկրետ անձն է ինձ հետաքրքիր, այլ այն քաղաքականությունը, որ իրականացրին ՀԱՊԿ-ի նկատմամբ»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, որ Արցախում հասարակ քաղաքացիների հետ է հանդիպել, ովքեր ավելի շատ անհանգստացած են, որ հանկարծ որևէ փոփոխություն մեր դիրքերում չլինի: «Դա եկել է Տեր-Պետրոսյանի ակտիվությունից, շատ մտահոգ էին այդ հայտարարություններից, որ եթե ինքը չի ասում, ուրիշն է ասում, նշանակում է՝ իր դրդմամբ են ասում: Ի դեպ, նույն ՀԱԿ-ը մեկ օր առաջ հայտարարեց, թե պետք է իրականացնել անցումային արդարադատություն, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հանրահավաքի ժամանակ այդ թեզը կրկնեց, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի ազդեցության նշանները պարզ երևում են, և դա իհարկե լուրջ խնդիր է, եթե այդպես շարունակվի: Ինքը պետք է դառնա ինքնուրույն իր քաղաքական գծում, որպեսզի ավելի լուրջ ընդունվի և վստահություն ձեռք բերի»,- ասաց նա:










