Սոչիում վայրէջքից հետո այրված օդանավի հետևանքների վերացման ժամանակ օդանավակայանի աշխատակից է մահացել, տուժածների թիվը հասել է 18-ի (տեսանյութ)

10:11 • 01.09.18

Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ ՌԴ առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ հաղորդվել է 6 տուժածի մասին։

 

Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Ենթադրվում է, որ վթարված օդանավի հետևանքների վերացման ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, գրում է գործակալությունը։


Ավելի ուշ հաղորդվել է, որ տուժածներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը՝ երեխա։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։ Utair-ն ու ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել։