ԱՄՆ-ում ոստիկանները գնդակահարել են «Շտապօգնություն» հեռուստասերիալի աստղին
Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են «Շտապօգնություն» հեռուստասերիալի աստղ Վանեսա Մարկեսին: Միջադեպը տեղի է ունեցել դերասանուհու տանը: Ինչպես հաղորդում է Los Angeles Times թերթը՝ ոստիկանները դեպքի վայր էին ժամանել՝ համոզվելու համար, որ կնոջ հետ ամեն ինչ լավ է:
Տվյալների համաձայն՝ 49-ամյա դերասանուհին տառապում էր մի շարք հիվանդություններից և ուներ հոգեկան խանգարումներ: Ոստիկանները ժամանել են, երբ Մարկեսի մոտ նոպա է սկսվել, և մոտ մեկուկես ժամ փորձել են համոզել նրան գնալ հիվանդանոց: Սակայն դերասանուհին ձեռքն է վերցրել խաղալիք ատրճանակը և ոստիկանները, շփոթելով այն իսկականի հետ, կրակ են բացել նրա ուղղությամբ:
Ոստիկանության տվյալներով՝ Մարկեսի ուղղությամբ կրակ է բացել երկու ոստիկան: Դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են նրա մահվան փաստը:
Վանեսա Մարկեսն ամերիկացի դերասանուհի էր, ով առավել հայտնի է հանրահայտ «Շտապօգնություն» հեռուստասերիալում կատարած բուժքույր Վենդի Գոլդմանի դերով:










