Ես կհորդորեի իշխանություններին, կառավարությանը, և հատկապես վարչապետին հնարավորինս արագ այց կատարել Իրան. Արա Պապյան
Իրանից հրավերներ նոր կառավարությանն, այո, եղել են, և ես չգիտեմ, թե ինչու դրանք չեն ընդունվել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, որոնք, ըստ որոշ մասնագետների, մտահոգիչ են:
«Սկզբից, իհարկե, դա Ռամազանի պատճառով էր, բայց ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում` այդ հարաբերությունները զարգացնելու»,-ասաց նա: Ըստ Պապյանի՝ դժվար թե Իրանի հետ Միացյալ նահանգների ունեցած հարաբերությունները ազդեն նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վրա:
«Դժվար թե, դա ազդի, որովհետև դա միշտ է եղել, նոր չէ, ես ինքս այդ հարցերով զբաղվել եմ 90-ականներին, այն ժամանակ էլ կար այսպես կոչված դեամատոյի ուղղումը, որը սահմանափակումներ ուներ, մենք իրականացրել ենք, և Միացյալ Նահանգները բավական բարյացակամ էին վերաբերել այդ հարցին՝ հասկանալով, որ Հայաստանն առանձնապես շատ այլընտրանքներ չունի, առավել ևս եթե մենք Իրանի հետ այդ հարաբերությունները չենք զարգացնում, դա փոխարինվում է հիմնականում ոչ թե Արևմուտքով, այլ Ռուսաստանով, իսկ ՌԴ-ի դիրքերի գերհզորությամբ տարածաշրջանում այդքան էլ շահագրգռված չէ ԱՄՆ-ն»,-ասաց նա:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը նշեց, որ կա ևս մեկ ուրիշ հանգամանք, այն է, որ ընդհանրապես Իրանի հետ աշխատելը բավականին դժվար է: «Բավական դանդաղ է ընթանում, ես շատ այցեր եմ կազմակերպել, մասնակցել եմ, ի վերջո, երեք տարի այդ ուղղությունն եմ ղեկավարել, մինչ այդ էլ Իրանում ՀՀ-ի դեսպանատանն եմ աշխատել, և կարող եմ ասել՝ այն, ինչ այլ երկրում կարելի էր անել երկու ամսում, Իրանի հետ կարող է 6-ից 8 ամիս տևել: Իրենց մոտ համաձայնեցման գործընթացը բավականին դանդաղ է»,-ասաց նա:
Այդուհանդերձ, Արա Պապյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է հնարավորինս արագ այց կատարի: «Բայց ես կհորդորեի իշխանություններին, կառավարությանը, և հատկապես վարչապետին հնարավորինս արագ այդ այցը կատարել, որովհետև բացի երկկողմ հարաբերություններից, որ այստեղ կարևոր են, այստեղ կա նաև ԵՄ դերակատարության հարցը, որ ԵՄ-ն փորձում է առանձին, մի փոքր տարբերվող Միացյալ Նահանգներից քաղաքականություն իրականացնել Իրանի հետ և այստեղ Հայաստանը կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»,-ասաց նա:
Պապյանը համագործակցության համար կոնկրետ օրինակ է բերում. «Անգելա Մերկելի այցից հետո ես որոշ գերմանացի դիվանագետների հետ հանդիպեցի, ինչ-որ հարցեր էին քննարկում և օրինակ բերեմ ինչ կարելի է անել՝ Իրանն ունի արդեն բավականին հին Էյրբաս օդանավեր, որի նորոգման համար, մասերը փոխելու համար ինքն օդանավերը թռցնում է Թուրքիա կամ Քաթար, և իր երկում դա հնարավոր չէ, արգելված է և հիմա կարելի է ՀՀ-ի հետ նման բան կազմակերպել ԵՄ-ի հետ միասին, այսինքն՝ օդանավերի նորոգման և մասերի փոփոխման և դա իրականացնել Հայաստանում, շատ կոնկրետ է»,-ասաց նա:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը շեշտեց, որ պետք է հասկանալ՝ ինչ է ասել լավ և վատ հարաբերություններ: «21-րդ դարում դա պետք է դրսևորում ունենա և հիմնականում տնտեսական դրսևորում: Այսինքն՝ մենք մեր սահմանակից հարևանի հետ չունենանք տնտեսական սերտ հարաբերություններ և զուտ վերացական լավ հարաբերություններ, դա արդեն լավ հարաբերություններ չի: Մենք պետք է ունենանք այնպիսի հարաբերություններ, որ և՛ Հայաստանի, և՛ Իրանի ժողովուրդների բարեկեցությանը և անվտանգությանը նպաստեն»,-ասաց նա:










