Լավրովի հայտարարությունը նոնսենս է, միջամտություն ՀՀ ներքին գործերին. Ստեփան Սաֆարյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե պաշտոնական Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում 10-ամյա վաղեմության դեպքեր են բացվում, կատարվում են ձերբակալություններ, ակնհայտ միջամտություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ Լավրովի հայտարարությունը ակնհայտ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին:
«Հայտարարությունն անհաջող էր: Ասում է, թե դա Հայաստանի ներքին գործն է, բայց մյուս կողմից խորհուրդ է տալիս մոռանալ 10-ամյա վաղեմության գործերը: Սա նոնսենս է: Կա՛մ Լավրովը լավ չի զեկուցված, որ հայ ժողովուրդը չի մոռացել «Մարտի 1»-ը, կա՛մ էլ որևէ փաստ ունի, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները շեղվել են սահմանադրականության, օրինականության հունից, և եթե դա այդպես է, ապա դիվանագիտական խողովակներով դա պետք է փոխանցվեր Հայաստանին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանն ընդունում է՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ իր գործընկեր երկրում կայունություն լինի, ինչպես և Հայաստանի համար է կարևոր, որ Ռուսաստանում կայունություն լինի: Այնուամենայնիվ, Սաֆարյանի համոզմամբ, կայունության տակ չպետք է հասկանալ հանցագործությունների ինդուլգենցիան:
«Կյանքը ցույց է տվել, որ չպատժված հանցագործությունները նորերի հիմքն են ու անկայունություն են հաղորդում ներքին կյանքին: Ռուս գործընկերները պետք է հրաշալի գիտակցեն, որ այն, ինչ իրենց կայուն է դարձրել Հայաստանում, ամենևին կայուն չի եղել: Դրվել են ռումբեր, որոնք այսօր պայթում են»,- նշեց Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ վերջին երկու-երեք հայտարարություններում Լավրովը պարբերաբար սահմանադրականության վերաբերյալ կասկածանք է հայտնում, բայց փաստեր չի մատնանշում: «Այդ ի՞նչ է կատարվում Հայաստանում, որ մի ամբողջ ժողովուրդ չի նկատում, որ սահմանադրությունից դուրս ենք եկել, իսկ Լավրովը նկատում է»,- հարց հնչեցրեց քաղաքագետը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իր կարծիքով ՌԴ իշխանություններն ուզում են, որ Հայաստանի իշխանությունները գործեն իրենց գծագրած դաշտում:
«Հայաստանի իշխանությունները գործում են ՀՀ ինքնիշխանության դաշտում, ինչը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային: Ակնհայտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերակառուցեն իրենց հարաբերությունները: Նախկին բանաձևը բերելու է լրջագույն խնդիրների: Երևի, նախկին ոճով աշխատելը հեշտ է եղել՝ վերցնել հեռախոսը, ասել, թե ինչպես պետք է վարվեն կամ էլ մի կրեմլամերձ փորձագետի խնդրել տեսակետ հայտնել ու Հայաստանի իշխանություններին իր միջոցով հասկացնել, թե ինչ պետք է անեն: Սա չի աշխատում»,- շեշտեց Ս. Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն ասել էր. «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»:










