Բեսլանում զոհված երեխաների հիշատակին սպիտակ փուչիկներ են բաց թողնվել երկինք (լուսանկարներ, տեսանյութ)

18:42 • 03.09.18

Ռուսաստանում սեպտեմբերի 3-ը նշվում է որպես ահաբեկչության դեմ պայքարի հետ համերաշխության օր:

Երկրի տարբեր հատվածներում ոգեկոչում են հազարավոր հայրենակիցների հիշատակը, որոնք զոհվել են Բեսլանում, Դուբրովկայի թատերական կենտրոնում, Բուդյոնովսկում, Մոսկվայում, Վոլգոդոնսկում և հարյուրավոր այլ վայրերում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է Вести.Ru-ն, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում և բնակավայրերում հանրահավաքներ և հոգեհանգիստներ, ինչպես նաև թեմատիկ դասախոսություններ և բաց դասեր են անցկացվել:

Բեսլանում քաղաքի դպրոցականները 334 սպիտակ փուչիկ են բաց թողել երկինք, որոնք խորհրդանշում են զոհված պատանդների թիվը: Բարձրաձայն ընթերցվել են նրանց անունները:

Հիշեցնենք, որ Բեսլանի դպրոցի ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 1-ին: