«ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրեն օձի դիմաց հայտնված ճագարի պես չպետք է պահի». Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին հրաժարվել որոշումները միաձայն ընդունելու պրակտիկայից՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «օձի դիմաց հայտնված ճագարների» պես հանդես չգալու համար։
Ինչպես փոխանցում է գերմանական Bild պարբերականը, Մաասը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ավելացված մաքսատուրքերի, կամ հնարավոր պատժամիջոցների կիրառման դեպքում ԵՄ-ն չպետք է «նստի ու սպասի, ինչպես ճագարներն օձի դիմաց»։
Նա ընդգծել է, որ խոսքը Եվրոպայի ներսում տարակարծության կամ պառակտման մասին չէ՝ հիշեցնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և Վաշինգտոնի սահմանած նոր մաքսատուրքերի որոշման ժամանակ ԵՄ-ի միաձայն ու համախմբված դիրքորոշման մասին։
Գերմանիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մեջ ԵՄ-ն պետք է հրաժարվի պարտադիր միաձայնության սկզբունքից, քանի որ դա դառնում է ներքին լարվածության պատճառ ԵՄ ներսում։










