Լիբիայում փախստականների ճամբարի արկակոծության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում փախստականների ճամբարի արկակոծության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ յոթը, հաղորդում է РИА Новости-ն՝ Sky News Arabia-ին հղումով:
«Կիրակի երեկոյան մայրաքաղաք Տրիպոլիում Տավարգիից եկած փախստականների «Ալ-Ֆալլյահ» ճամբարի վրա ընկած արկի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 7-ը»,- ասվում է Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ արկակոծությունն իրականացրել է Տրիպոլիում բախումների մասնակից ապստամբական խմբերից մեկը:
Նշենք, որ հակամարտող խմբովորումների միջև բախումները Տրիպոլիում սկսվել են, օգոստոսի 26-ին: Այդ չդադարող զինված բախումների պատճառով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել մայրաքաղաքում ու հարակից շրջաններում:










