Մոսկվայի մետրոյի «Կուրսկայա» կայարանում ոստիկան է սպանվել

04:54 • 03.09.18

Մոսկովյան մետրոպոլիտենի «Կուրսկայա» կայարանում ոստիկանության աշխատակից է սպանվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ներքին գործերի նախարարության Մոսկվայի շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառյությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերի սահմաններում: Հաղորդվում է, որ անհայտ անձը հրազենով կրակ է բացել ոստիկանության աշխատակցի ուղղությամբ և վերջինս մահացել է ստացված վնասվածքներից:

«РЕН-ТВ» հեռուստաընկերության տվյալներով՝ կրակ բացած անձը նախկինում ոստիկանի կողմից ձերբակալված մի տղամարդ է, ով անմիջապես փախուստի է դիմել: Կազմվել է ոստիկանական հատուկ խումբ՝ կասկածյալին հայտնաբերելու ու բերման ենթարկելու համար: Հաղորդվում է, որ կասկածյալը 40-45 տարեկան ասիական կամ կովկասյան արտաքինով տղամարդ է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Սպանության վայրում աշխատում են քննիչները: