Հովիկ Աբրահամյանի եղբոր տնից հայտնաբերված զենքի դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա. ՀՔԾ պարզաբանումը
Հատուկ Քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե Հովիկ Աբրահամյանի եղբոր տանը հայտնաբերված զենքը Մարտի 1-ի ընթացքում չի օգտագործվել:
Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում 04.09.2018թ.-ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը: Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, ուստի լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում տեղեկություն էր հրապարակվել, որ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը Մարտի 1-ին չի օգտագործվել և իրավապահ մարմինները չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից:










