Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը. Կոնյակի գործարանի ներկայացուցիչը խոստացավ խաղողի մթերման գինը բարձրացնելու պահանջը ներկայացնել պատասխանատու կառույցին (լրացված)
12:20
Վաղ առավոտից Արմավիրի մարզի բնակիչների կողմից փախված Մրգաշատի ճանապարհը շարունակում է կաթվածահար մնալ:
Այստեղ քիչ առաջ խաղողագործների ու ճանապարհը բացել պահանջող վարորդների միջև բախում տեղի ունեցավ:
Փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը գյուղացիներին ասաց, որ վարչապետն անձամբ այս հարցի շուրջ հրավիրել է խորհրդակցություն՝ կոնկրետ խաղողի գնի մասին, որից հետո որոշումը կներկայացնեն գյուղացիներին:
Հարցին, թե անդրադառնալո՞ւ են արդյոք, պայմանագրում մթերման գինը ֆիքսելուն, փոխմարզպետն ասաց, որ պետք է հետևություն անեն հաջորդ տարվա համար. ընդունող կազմակերպությունը պետք է գյուղացու հետ պայմանագիր կնքի, որպեսզի վերջինս նախապես իմանա՝ խաղողի՞ այգի է ունենալու, թե իրեն ավելու ձեռնտու է լինելու ծիրանի այգի կամ լոլիկի դաշտ ունենալը:
Հիշեցնենք՝ գյուղացիներն ասում են, թե թանկացումներ են տեղի ունեցել, իսկ գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի մեկ կիլոգրամի դիմաց 120-130 դրամով։ Դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։
Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանն էլ պարզաբանեց, որ մյուս ընկերությունները խաղողն ընդունում են 160 դրամով՝ ըստ իրենց որակի, ըստ իրենց քանակի։ Հիմա Կոնյակի գործարանը, որը հիմնական մթերող է, 140 դրամ է որոշել, որը պակաս է մյուս ընկերությունների գնից, գինն ընկնում է՝ նախկին գինը, որը եղել է 160-170 դրամ, այսօր դառնում է 140-130 դրամ։
10: 50
Խաղողագործները նաև նշեցին, որ Պռոշյանի կոնյակի գործարանն ավելի բարձր գնով է մթերել խաղողը, սակայն Երևանի կոնյակի գործարանը սահմանել է 140 դրամ գին, ինչին հետևել է նաև Պռոշյանի կոնյակի գործարանը:
Խաղողագործները երկարամյա պայմանագիր ունեն մթերողների հետ, որտեղ սակայն մթերման գին չի նշվում, մթերման գնի մասին խաղողագործներին հայտնում են մթերումից մի քանի օր առաջ:
Բողոքի ակցիա իրականացնողներին հանդիպեց Արմավիրի փոխմարզպետը՝ նշելով, որ խաղողագործների հարցին կպատասխանեն Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գինը սահմանվել է 140 դրամ: «Շլորն է 100 դրամ, գիտե՞ք՝ խաղողն ինչ տանջանքով է մշակվում»,-հակադարձեց գյուղացիներից մեկը:
«Խաղողի գինը այս տարի որոշվել է 140 դրամ, եթե դուք ունեք այլ պահանջներ, կներկայացնեք այլ պահանջներ, ես ղեկավարությանը կփոխանցեմ, իրենք էլ կորոշեն՝ գինը բարձրացնել, թե ոչ»,-ասաց Սարգսյանը: Հարցին, թե ինչու պայմանագրում խաղողի մթերման գին չի նշվում, Արտյոմ Սարգսյանն ասաց, որ նախկինում ևս չի նշվել:
Խաղողագործներն ասացին, որ առաջարկել են գին նշել, որպեսզի որոշեն խաղող մշակել, թե ոչ, սակայն գործարանները հայտնել են, որ այդ տարբերակն է, կարող են պայմանագիր չկնքել: Խաղողագործները հավելեցին, որ ճանապարհը փակ են պահելու մինչև լուծման տարբերակ չգտնվի, ինչ վերաբերում է այլ գործարաններին խաղող հանձնելուն, նրանք նշում են, որ միևնույն է՝ գին թելադրողը Երևանի կոնյակի գործարանն է:
Արտյոմ Սարգսյանն ասաց, որ պահանջը մաքսիմալ արագ կփոխանցի ղեկավարությանը, պատասխանի կփոխանցի խաղողագործներին:
10:29
Արմավիրցի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում են բարձր գնով մթերել խաղողը:
Տասնյակ համայնքների բնակիչներ այսօր առավոտյան Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտ հավաքվել են և այնուհետև փակել Երևան-Արմավիր ճանապարհը:
«Մենք՝ խաղողագործներս, Երևանի կոնյակի գործարանից պահանջում ենք խաղողը մթերել բարձր գնով: Մեզ գարնանից խաբել են, ասել են՝ 160 դրամով են մթերելու, այսօր մթերման պահին մթերման սակագին են սահմանել 140 դրամը: 140 դրամ միայն մենք ենք ծախսում՝ աշխատանքով, աշխատուժով. ամեն ինչ թանկացել է՝ վառելիքից, թունաքիմիկատներից մինչև աշխատուժ, իսկ գինը նվազեցնում են»,-ասաց խաղողագործներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ անորակ թունաքիմիկատներ են տվել, ինչից հետո բերքը փչացել է.« Վերահսկող չկա, խեղճ գյուղացին ամբողջ բեռն է կրում, գալիս է մթերման պահը, սահմանում են 140 դրամ գին, գին թելադրողը Կոնյակի գործարանն է»:
Բողոքի ակցիան շարունակվում է:










