Կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք այս տարիների ընթացքում ընդդիմադիր դիրքերից սպասարկել են քաղաքացիների շահը․ Արմեն Մարտիրոսյան

18:14 • 05.09.18

Մեր մրցակիցների շրջանակում եղած ուժերից մեկն է ճիշտ լինելու, որովհետև մի քանի մեծամասնություն չի կարող լինել։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով հարցին, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը հայտարարում են, թե իրենք միայն հաղթանակի համար են մտնում ընտրապայքարի մեջ։

Նա հայտարարեց, որ կոնկրետ «Ժառանգություն» կուսակցությունը գալիս է արդար մրցապայքարի, առանց ֆինանսական ռեսուրսների ու այլ լծակների, որոնք հնարավորություն կտային ունենալ ստարտային առավելություն։ Մարտիրոսյանը շեշտեց՝ իրենց երաշխիքն իրենց քաղաքական կենսագրությունն է։

«Կարծում եմ՝ մեր քաղաքական կենսագրությունն իսկապես շատ լավն է, որևէ քաղաքական ուժ նման կենսագրություն չունի։ Ճիշտ է՝ «Դաշնակցության» պարագայում 100-ամյա և ավելի կենսագրություն է, սակայն վերջին ժամանակահատվածում նրանց իրականացրած քայլերն այդքան էլ հասարակություն  սրտով չէ։ Քաղաքական կենսագրությանը առումով «Ժառանգություն» կուսակցությունն ամենաերկարատևներից է, իսկ ազնվությունը, շիտակությունն ու սկզբունքայնությունը միշտ հատուկ են եղել «Ժառանգությանը», որի շնորհիվ մենք սպասարկել ենք բացառապես պետության ու քաղաքացիների շահը, այլ ոչ թե կուսակցական ու անձնական, որի հնարավորությունը բազմիցս եղել է»,- ասաց նա։

Երևանի ավագանու ընտրությունների «Ժառանգության» ցուցակի 2-րդ տեղում գտնվող Արմեն Մարտիրոսյանը, խոսելով իրենց նախընտրական ծրագրերի մասին, նշեց, թե իրենց կոչը ժողովրդին ժպտալն է։ Նա պարզաբանեց՝ ընտրել են «ժպտա՛» կարգախոսը, որովհետև իրենք քաղաքացիների օգնությամբ, ի վերջո, կարողացան իրականացնել իշխանափոխության գործընթաց, որը կարող է իր զարգացման մեջ լինել հեղափոխական շրջադարձ, եթե արմատական բարեփոխումներ իրականացվեն։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի խնդիրներին, Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ խնդիրներն իրենք չեն դետալացնում, այլ համակարգային են դիտարկում։

«Երևան քաղաքը շատ մեծ օրգանիզմ է, որին դետալացված չես կարող մոտենալ, այլ համակարգային մոտեցում պետք է ցուցաբերես։ Բնական է՝ մենք բոլոր խնդիրները տեսնում ենք և լուծման տարբերակներ առաջարկում, բայց մեզ համար  ամենակարևորը զարգացման ծրագիրն է։ Երբ զարգացման ծրագիր ես ներկայացնում, խնդիրները, որոնք անլուծելի են թվում, ինքնին զարգացման շրջանակում ինքնաբերաբեր լուծվում են։ Մտածում ենք Երևանի հյուսիսային հատվածում մեծածավալ շինարարական ծրագիր իրականացնել՝ ժամանակակից ենթակառուցվածքներով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը հանգիստ կարելի է տանել այնտեղ, իսկ այս քաղաքապետարանի շենքը կարող է հրաշալի հյուրանոց լինել։ Ակնհայտ է՝ մենք քաղաքի մի հսկայական տրաֆիկ տեղափոխում ենք հյուսիս, այսինքն՝ քաղաքը բեռնաթափում ենք։ Պատկերացրե՛ք՝ եթե Կառավարության հետ համատեղ աշխատենք, ու որոշ  նախարարություններ Կենտրոնից տեղափոխենք, Կենտրոնն ավելի կթեթևանա»,- ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը։

Վերջինս հավելեց, որ իրենց՝ քաղաքային ընտրությունների ծրագրի ցանկում կա նաև տրանսպորտային համակարգի զարգացումը, խոսքը վերաբերում է ոչ միայն մետրոյին, այլև էլեկտրատրանսպորտին։ Մարտիրոսյանը գտնում է, որ կարիք չկա մետրոյի կայարաններ ավելացնել, պարզապես հարկավոր է կազմակերպչական խնդիրը կարգավորել։ Նա կարևորում է նաև աղբի վերամշակման գործընթացը։

«Ծայրամասերից միանգամից մարդիկ գալիս են մետրոյի առաջին պատահած կայարան ու օգտվում մետրոյից։ Կարծես թե առանձին որևէ քայլ չես կատարում, սակայն կազմակերպում ես, կանոնակարգում, որ խնդիրը կարգավորվի, փողոցները բեռնաթափվեն։ Ինչ վերաբերում է աղբահանմանը, ասեմ, որ եթե ժամանակին թույլատրվեր, որ այնպիսի օպերատորներ գային, որոնք աղբահանությունից հետո նաև վերամշակում  կիրականացնեին, մենք այսօր աղբահանության խնդիր չէինք ունենա, քանի որ իրենք շահագրգռված կլինեին մեծ ծավալով և հնարավորինս շուտ այդ աղբը հասցնել իրենց արտադրություններ։ Այսօր աշխարհում  բավականին եկամտաբեր գործ է աղբի վերամշակումը»,- հավելեց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է ընտրապայքարի մասնակից այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, Մարտիրոսյանը նշեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք այս տարիների ընթացքում ընդդիմադիր դիրքերից սպասարկել են քաղաքացիների շահը։ Արմեն Մարտիրոսյանը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է խանգարել «Ժառանգությանը», քանի որ տարիներ առաջ նրան մեղադրեցին այդ ժամանակի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համագործակցության մեջ։ Մարտիրոսյանը պնդեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք «Ժառանգությանը» չի խանգարել, քննադատություն էլ չի եղել, այլ սև PR արշավ է եղել նրա դեմ՝ կազմակերպված իշխանությունների կողմից։

«Ցավոք սրտի, որոշ ընդդիմադիր ուժեր ու անձինք էլ միացան այս գործին, որպեսզի փորձեն ցեխ շպրտել Րաֆֆի Հովհանիսյանի վրա, բայց իրականությունն այն է, որ  Րաֆֆի Հովհաննիսյան իր ողջախոհությամբ խուսափեց հերթական «Մարտի 1-ից»։ Ըստ էության՝ հանուն այսրոպեական «պարզ» երևալու, նա չգնաց արյունալի բախման։ Կարծում եմ՝ ժամանակը շատ ավելի ճիշտ կգնահատի, թե այդ օրն ինչ էր տեղի ունեցել։ Սև PR-ն ազդեց, բայց, միևնույնն է, ժամանակն իր տեղը կդնի ամեն բան»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգության» նախագահը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն անձն է, որը եկավ հայրենիք։ Ըստ նրա՝ Հովհաննիսյանը հայրենադարձության դասական օրինակ կարող է լինել։ Մարտիրոսյանը նկատեց, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ներդրումներ է կարողացել բերել ՀՀ, ըստ նրա, քաղաքապետ լինելու դեպքում կարող է մեծացնել այդ ներդրումը։

 

ՀեղինակԱնի Օհանյան