ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպել է ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ

00:35 • 05.09.18

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ, այս մասին նախարարը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր հանդիպել եմ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ: Խոսել ենք Թուրքիայի հայ համայնքի մասին: Տեղում համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին ծանոթանալու համար, ինչպես նաև համայնքային գործիչների հետ աշխատելու, մեր հայրենակիցների հետ շփվելու նպատակով որոշում կայացրի ընդունել համայնքի առաջարկն ու երկշաբաթյա ժամկետով Ստամբուլ գործուղել հասարակական հիմունքներով իմ խորհրդական, մասնագիտությամբ թուրքագետ Գևորգ Պետրոսյանին:

Սա գալիս է վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ սփյուռքի նախարարության պատկերացմամբ չկա մեկ ընդհանրական սփյուռք, իմա՝ սփյուռքը տարբեր է, բարդ, բազմաշերտ ու բազմերանգ, և մենք մտադիր ենք յուրաքանչյուր համայնքի հետ աշխատանքներում անհատական, յուրօրինակ մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով տվյալ համայնքի առանձնահատկությունները, կարիքներն ու խնդիրները»,- ասված է նախարարի գրառման մեջ: