Անփույթ նախագիծ է, ապացուցողական բազան հստակ չէ. ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնող նախագծին Պետաիրավական հանձնաժողովը դեմ է (տեսանյութ)

14:50 • 05.09.18

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, երբ քննարկման էր ներկայացվել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնող նախագծի գաղափարին կողմ է, բայց ապացուցողական բազան հստակ չէ: Նա հստակեցրեց, որ ինքը խոսում է քաղաքացիների շահերից ելնելով և մի շարք օրինակներ ներկայացրեց:  

«Նախագծով «ընտրակաշառք ստանալու համար» սահմանված պատասխանատվությանը ավելացվում է ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու պատասխանատվություն: Քաղաքացիների համար եմ ասում, ոչ թե տվողի, խոստում ընդունելն ի՞նչ է ենթադրում. Ենթադրենք՝ ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է դուռը և տատիկին ասում է՝ «տատիկ ջան մեզ ընտրես, քեզ գումար կտամ, տատիկը ժպտում է կամ ասում է  լավ»: Տատիկին դատապարտելո՞ւ են 1-3 տարի ազատազրկման: Օրենքը խստացրեք՝ ինչքան հնարավոր է, բայց հստակություն է պետք, թե ինչ է ասել՝ «ընդունել է», «բարի դեմքով ժպտաց», «աչքերը չփչփացրեց», ուրեմն ընտրական խոստումն ընդունե՞ց»,-ասաց նա:

Ի դեպ, պատգամավորը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ ԱԺ ամբիոնից ասում էին՝ եթե առաջարկ կա, բոլորին ասեք՝ այո, բայց գնացեք, ընտրեք՝ ում ուզեք:

«Հիմա ինչպե՞ս ենք ապացուցելու, ձայնագրելո՞ւ ենք տատիկին, ժպիտը ինչպե՞ս է մեկնաբանվելու»,-հարցրեց նա:

Պատգամավորը շարունակեց, թե նշվում է, որ ընտրակաշառք պահանջելու համար ևս քրեական պատասխանատվություն է սահմանվում:

«Շատ լավ, մարդը մտնում է որևէ կուսակցության հիմնադրամ, ասում է՝ «հայրս սրտի վիրահատության խնդիր ունի, անհրաժեշտ է  որոշակի գումար», գումարի մի մասը մի հիմնադրամից է  խնդրում: Այսինքն՝ նա պահանջե՞ց ընտրակաշառք: Կամ մեկ այլ օրինակ՝ մտնում է, ասում է՝ «միշտ ձեզ աջակցել եմ, խնդրում եմ՝ աջակցեք, երեխայի դեղի խնդիր կա», սա ընտրակարգի պահա՞նջ է համարվում»,-ասաց նա:

ՀՀԿ պատգամավորը շարունակեց. «Լավ եք արել,  որ բարեգործությունը քրեականացրել եք, անկեղծորեն, բայց ասում եք նաև՝ պատժելի է բարեգործության հետ միաժամանակ քարոզչություն իրականացնելը...նախ ասեք՝ որն է իրական բարեգործությունը, որը՝ քարոզչության անվան տակ: Ձևակերպումը հստակեցրե՛ք, գաղափարին կողմ եմ»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզիյանը ևս ներկայացրեց իր մտահոգությունները. «Թեկնածուն քարոզելու է գնում, ի՞նչ բառեր պետք է ասի, որ հանկարծ ձեր բերած օրենքի մամլիչի տակ չընկնի, ձեր դուրը գա»,-ասաց նա:

Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ընդհատեց. «Երևի պետք է ասի՝ հենց ինձ ընտրեք, գլուխներդ ջարդելու եմ»:

Հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյան էլ մի շարք մտահոգություններ հայտնեց. «Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում ասել՝ չի կարելի սղղացնել կամ անցկացնել, ի վերջո, պատասխանատվության նորմերն եք ավելացնում այս նախագծով: Պետք է ասեք՝ հարգելի՛ քաղաքացիներ, ինչ է ենթադրվում, եթե քարոզի դեպքում դուռը բացում եք: Երբ քաղաքացու դուռը թակում են, ի՞նչ ասի, լա՞վ, թե՞ ժպտա, ինչ ասի»,-ասաց նա:  

ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը արձագանքեց. «Դուռը չբացի, թե չէ կընկնի կրակը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նպատակը լավն է, բայց միջոցները՝ շատ կասկածելի ու խոցելի: Նա նշեց, որ հիմա, եթե դեմ քվեարկեն, կասեն, որ ինքն ընտրակեղծարարությանը կողմ է, մինչդեռ նախագիծը անփույթ, շտապողական նախագիծ է: Պատգամավորը նշեց, որ հորդորելու է իր գործընկերներին ձեռնպահ քվեարկել:

«Ամբողջությամբ, կարմիր թելի պես անցնում է պատվերը»,- նշեց ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, ով հստակեցրեց, որ ինքը, միանշանակ, դեմ է ընտրակաշառքին: «Այո, ես համարում եմ՝ հասարակությանն աղտոտել է այդ չարիքը, դրա դեմ պայքարել է պետք, համաձայն եմ՝ օրինագիծն անցնի, բայց ոչ այս տեսքով, քանի որ ծուղակներ են պարունակում և՛ քաղաքացիների, և՛ կուսակցության դաշինքների համար, ովքեր իշխանության համակրանքը չեն վայելում, ամեն պահ կարող են հայտնվել ծուղակում: Մարդիկ հանիրավի պետք է հայտնվեն Հատուկ քննչականում, Հատուկ քննչականի տարածքը մեծացրեք, շենքը չի բավարար: Ձեռնպահի մասին խոսք չկա, ես դեմ եմ քվեարկելու, այս նախագծով «գործ տվողների» բանակը կանցնի բուռն գործունեության»,-ասաց նա:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ անձը կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե այդ օրենքը, որով նա ենթարկում է պատասխանատվության, կանխատեսելի է և որոշելի է: «Արդյոք անկանխատեսելի է՞ որոշակի քաղաքացիների լայն զանգվածների համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարելի է ցմահ ազատազրկման տալ բոլոր ընտրակեղծարարներին, եթե հստակություն կա:  «Լավ է գնդակահարություն»,- արձանագրեց Նապոլեոն Ազիզյանը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը բոլոր հարցերին կետ առ կետ անդրադառնալով՝ նշեց, որ եթե անձը չգիտակցի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, ուրեմն կազատվի պատասխանատվությունից: «Անձը պետք է գիտակցի՝ գումարն ինչի համար է պահանջում, գիտակցված նպատակը որն է, արդյոք այս կամ անձի կամ ուժի օգտին քվեարկության համար է գումար պահանջում կամ ստանում, ուրեմն պատժելի է, եթե գումար է խնդրում, որ երեխային բուժի, սա, բնականաբար, հանցանք չէ»,-ասաց նա:  

Ըստ նրա՝ ապացուցողական տեխնիկան զարգանում է, և կան հոլոգրաֆիկ ստացման պատկերներ:

Ինչ վերաբերում է բարեգործության հետ միաժամանակ քարոզչություն անելուն, ապա նշեց, որ այո, եթե իրականացնում են միաժամանակ, և նաև զուգահեռաբար ցանկանում են մասնակցել ընտրություններին, այդ ընթացքում չպետք է բարեգործություն իրականացնեն: