ՀՔԾ-ն Քոչարյանի անձեռնմխելիության որոշումը որակել է ապօրինի այն դեռ չստացած, եթե կարծում են՝ դատավորը սահմանազանցել է իր իրավունքը, թող սկսեին քրեական հետապնդում. պաշտպաններ
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ դատական ակտ կա, որը չի բեկանվել որևէ մարմնի կողմից և տվյալ ակտի հիմնավորման վրա մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին մեր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Նա հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը եթե Վերաքննիչի ակտն ուժի մեջ կթողնի, ապա դա կամրապնդվի, եթե ոչ, համապատասխան գործընթացը կարող է նորից սկսվել, բայց այս պահին կա Վերաքննիչ դատարանի ուժի մեջ մտած որոշում, որը հստակ ամրագրել է, որ տվյալ ենթադրյալ հանցագործությունների մասով Ռոբերտ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն քրեական հետապնդումից:
«Դա չի կարող նշանակում որ Ռոբերտ Քոչարյանը կամ այլ անձ անձեռնմխելի են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ առաջադրված մեղադրանքը չի կարող քննվել, որովհետև դրանք ՀՀ նախագահի գործողություններն են, պետության գործողություններն են, և դրա համար գործող սահմանադրությամբ նախագահն ունի անձեռնմխելիություն»,-ասաց Օրբելյանը:
Դիտարկմանը, թե այսինքն այս ընթացքում ապօրինի՞ է քրեական հետապնդում իրականացվում Քոչարյանի նկատմամբ, Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք գտնում են, որ դա իրավաչափ չէ.«Դա մեր կարծիքն է, բողոքը գրել ենք, արդյունքը կտեսնենք»:
Tert.am-ի հարցին,թե ՀՔԾ պետը պարզաբանելով հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը ոչ թե անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերին, այլ մեղադրանքին, գուցե այս հիմքով է ՀՔԾ-ն շարունակում քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ, ինչպես նաև խափանման միջոց ընտրել Արամ Օրբելյանն ասաց, որ նախ ՀՔԾ-ն դատարանի որոշումը որակել է ապօրինի այն դեպքում, երբ դեռ որոշումը չէին ստացել:
«ՀՔԾ պետը միանգամից հաստատել է, որ ապօրինի է, որ դատարանը պետք է գնահատեր միայն կալանքի հիմքերը: Պատկերացրեք 11 տարեկան երեխային տանում են դատարան և միջնորդում են կալանավորել, հիմքեր կան ենթադրելու, որ կփախնի: Դատարանը չի կարող չանդրադառնալ այն հանգամանքին, որ այդ երեխայի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, բացի հիմքերից, կա նաև հանցագործության կատարելու մեջ հիմնավոր կատարելու կասկած: Հիմա, եթե առկա է անձեռնմխելիություն, քրեական հետապնդում չի կարող լինել: Անձեռնմխելիությունը չի նշանակում, որ եթե կա անձեռնմխելիություն, չկա պատիժ: Նշանակում է մի բան, որ որոշակի գործողությունների նկատմամբ, օրինակ՝ ՀՀ նախագահի գործողությունների, ԱԺ պատգամավորների ճառերի ու քվերակության արդյունքների համար նրանք չեն կարող ենթարկվել պատասխանատվության»,-ասաց պաշտպանը:
Ասուլիսին ներկա Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Հովհաննես Խուդոյանը ասաց՝ ՀՔԾ-ից նաև հայտնել են, որ դատավորն իր լիազորությունները սահմանազանցել է.«Միտքը դա էր: Եթե ՀՔԾ պետը գտնում է, որ դատավորը բացի իր խոսքով՝ ապօրինի որոշում կայացնելուց նաև իր լիազորությունները սահմանազանցել է, դա հիմք է այդ մարմնի համար, որ այդ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Եթե այդ կարծիքին են, ինչո՞ւ մինչև հիմա որևէ գործողություն չեն իրականացնում, չեն իրականացնում, որովհետև ակնհայտ անհիմն հայտարարություն էր»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չէր կարող ընտրվել: Երեկ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:










