Բելգիայի 84-ամյա նախկին թագավորին Իտալիայում թույլ չեն տվել բար մտնել

15:38 • 05.09.18

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ Երկրորդին Իտալիայում թույլ չեն տվել մուտք գործել երկրի հարավում գտնվող Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքի բարերից մեկը՝ տեղի «դրեսս կոդին» համապատասխան հագնված չլինելու համար։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հայտնի է, որ բարմենն ուղղակի չի ճանաչել 84-ամյա Ալբերտ Երկրորդին, որին ուղեկցել է կինը՝ մայր թագուհի Պաոլան։ Բելգիացիների նախկին թագավորը ստիպված է եղել վերադառնալ զբոսանավ ու տաբատ հագնել։

1993-ին գահ բարձրացած թագավորը 2013-ին ինքնակամ հրաժարվել է գահից՝ այն փոխանցելով իր որդուն՝ Ֆիլիպ թագավորին։

Ավելի վաղ Ալբերտ Երկրորդը բողոքել էր իշխանություններին, որ իրեն չի բավականացնում տարեկան 923.000 եվրո սուբսիդավորումը պետության կողմից։ Թագավորը հայտնել էր, որ նրան տրվող գումարը չի բավարարում թագավորական պալատի ու զբոսանավի վառելիքի ծախսերը հոգալու համար։ Ի դեպ, թագավորի զբոսանավը գնահատվում է 4,6 մլն ԱՄՆ դոլար։