Դանիայում թուրք զբոսաշրջիկը տուգանվել է իսլամական նիքաբ կրելու համար
Դանիայի Օրհուս քաղաքում թուրք զբոսաշրջիկը տուգանվել է նիքաբ (կնոջ մարմինն ամբողջությամբ ծածկող իսլամական հագուստ) կրելու համար, այս մասին հաղորդում է թուրքական haberler.com կայքը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է քաղաքացիներին ծածկել դեմքը հանրային վայրերում: Ընդ որում՝ արգելված է ոչ միայն մուսուլմանական հագուստը, այլև տարատեսակ դիմակներն ու իրերը, որոնք կծածկեն դեմքը։
Հայտնի է, որ 48-ամյա թրքուհին նշել է, որ գործող արգելքից տեղյակ չէ, սակայն տուգանքը վճարելուց չի հրաժարվել։ Կինը տուգանվել է 1000 դանիական կրոնի չափով։
Դանիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած արգելքի շրջանակում դեմքը ծածկող իսլամական հագուստ կրելու համար դրամական տույժի է արդեն ենթարկվել 3 մարդ։










