Իրաքում բողոքի ցույցերի ժամանակ 6 մարդ է սպանվել
Իրաքյան Բասրա նավահանգստային քաղաքում շարունակվող անկարգությունների ու բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ականատես աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով՝ սպանվածների և վիրավորների թվում կան ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաններ:
Գործակալության զրուցակիցը նաև հաղորդել է, որ ներկա պահին հարյուրավոր ցուցարարներ շրջափակել նահանգային խորհրդի շենքը, որի վերին հարկերում կրակ է բռնկվել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում:
Հիշեցնենք, որ Իրաքի հարավում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ից՝ Բասրա նավահանգստային քաղաքից։ Ցուցարարները բողոքում են գործազրկության և կոմունալ ոլորտի վատ վիճակի դեմ։ Մասնավորապես՝ ցուցարարները պահանջում են իշխանություններից վերջ դնել էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խափանումներին։ Իրավիճակն է՛լ ավելի է սրել +50 աստիճան շոգը։










