Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի պատճառով ավելի քան 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

10:48 • 05.09.18

Ճապոնիայում ավելի քան 1,2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ երկրի մի շարք պրեֆեկտուրաներին պատուհասած «Ջեբի» թայֆունի պատճառով։ Այդ մասին հայտնել են Kansai Electric Power և Chubu Electric Power էներգետիկ ընկերությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Թայֆունից հետո երկրի այս հատվածում արևային ու շոգ եղանակ է հաստատվել, էլեկտրաէներգիայի բացակայությունը թույլ չի տալիս մարդկանց օդորակիչներ միացնել։  

Թայֆունի պատճառով հիմնական հարվածները կրել են Օսակա, Գիֆու, Միե և Այտի պրեֆեկտուրաները։

Կիոտո պրեֆեկտուրայում ամառային ճամբարում գտնվող 160 դպրոցական հայտնվել է շրջափակման մեջ, քանի որ թայֆունի հետևանքով ավերվել է այնտեղից դուրս գալու միակ ճանապարհը։

Միայն Օսակա պրեֆեկտուրայում ստեղծված իրավիճակի պատճառով չի աշխատում շուրջ 2000 լուսացույց, ինչն ավելացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների աճի վտանգը։

Տուժել է նաև Քանսայի օդանավակայանը, որը ջրհեղեղի պատճառով դադարեցրել է աշխատանքը, հայտնի չէ, թե այն երբ կրկին կգործի։