ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը (ուղիղ)

13:14 • 05.09.18

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման ներկայացվեց «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների փոխհատուցում տրամադրել:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախագիծը հանձնաժողովի օրակարգում չափազանց ողջունում են՝ և՛ ժամանակագրական, և՛ բովանդակային տեսակետից:

«Կողմ ենք՝ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, որը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնենք դատարանների որոշմանը: Մենք ընդլայնենք և, այո՛, բռնությամբ կատարվող հանցագործությունները, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով ևս տրամադրել փոխհատուցումներ, այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցանկալի է, որ «Մարտի 1»-ի գործը առանձին դիտարկեն, որպեսզի չնույնականացնեն տարբեր դեպքերի հետևանքների հետ:

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նմանատիպ օրենքներով՝  բռնությամբ կատարված հանցագործությամբ զոհերի փոխհատուցումները եվրոպական երկրներում կան և գործում են: «Բոլոր այդ տեղերում խոսքը գնում է բռնությամբ կատարված  զոհերին փոխհատուցելու մասին, որը կոնվեկցիայով պարտադիր պահանջ է սահմանում, թեև մենք չենք միացել»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծին դեմ որևէ մեկը չի քվեարկելու: «Բայց պետք է հստակեցնենք տրվող գումարների սահմանները»,-ասաց նա: