Ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնող նախագիծը դրական եզրակացություն ստացավ պայմանով՝ դեմ կքվեարկեն, եթե խնդիրները չվերացնեն

15:00 • 05.09.18

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնող նախագծին պայմանով, որ պետք է առաջինից երկրորդ ընթերցում շտկվի:

Նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը հանձնաժողովի անդամները քննադատեցին՝ նշելով որ անփույթ շտապողականություն է դրսևորվել, և ապացուցողական բազան բավարար չէ:

Հարցը քվեարկության դնելուց առաջ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ դրական եզրակացություն տան, որը քաղաքական որոշում է և ոչ թե իրավական: «Այն պայմանով,  որ առաջինից երկրորդ ընթերցումների միջանցքում շատ համառ և լայնածավալ աշխատանքներ իրականացնեն, որ երկրորդի ժամանակ խնդիր չունենանք»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը ևս վերահաստատեց, որ քվեարկում են՝ քաղաքական պահանջներից ելնելով. «Որ չստացվի, որ խոչընդոտվում է նախագծի ուղին դեպի քառօրյա, քանի որ բացառապես այս նախագծի համար է արտահերթ հրավիրվել: Բայց ԱԺ-ում քվեարկությունը բացառապես պայմանավորված է լինելու իրավական հարցադրումից: Կքվեարկենք դեմ լիագումար նիստերի դահլիճում, եթե խնդիրները չվերացնեն»,-ասաց նա:

Նախագծին հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն, և հարցը մտավ քառօրյայի օրակարգ: