Թրամփը չի քննարկել Ասադի սպանության հարցը. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի քննարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի սպանության հարցը: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ նախագահը քննարկի Ասադի հնարավոր սպանությունը»,- ասելէ Հեյլին՝ հավելելով, որ մասնակցում է այն հանդիպումներին, որոնց ժամանակ ԱՄՆ ղեկավարությունը քննարկում է Սիրիային առընչվող հարցերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ The Washington Post-ի լրագրող Բոբ Վուդվորդն իր նոր գրքում գրել է, որ 2017-ին Թրամփը հրամայել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Վուդվորդի խոսքով՝ Թրամփը զայրացած է եղել սիրիական Դումա քաղաքում իրականացված քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսից պահանջել է «պարզապես սպանել» Ասադին: Մեթիսն իր հերթին ասել է, որ անհապաղ կկատարի հրամանը, սակայն իր օգնականներին հրահանգել է «առավել հավասարակշռված գործել»:










