Ֆլորենցիայի կենտրոնում արգելվել է փողոցային սնունդը

12:32 • 06.09.18

Իտալական Ֆլորենցիա քաղաքի պատմական կենտրոնի չորս փողոցում արգելվել է փողոցային սնունդը. այժմ զբոսաշրջիկներին որոշակի ժամերի չի թույլատրվում ուտել դրսում:

Ինչպես նշում է The Guardian-ը, օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 4-ին: Այսպես, տեղական ժամանակով ժամը 12:00-15:00-ն և 18:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է սնվել Վիա Դե Ների (Via de Neri), Պյացալե Դելյի Ուֆիցի (Piazzale degli Uffizi), Պյացա Դել Գրանո (Piazza del Grano) և Վիա Դելլա Նիննա (Via della Ninna) փողոցներում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրենքը խախտողները կտուգանվեն 500 եվրոյով:

Ֆլորենցիայի քաղաքապետարանի ներկայացուցիչների համաձայն՝ այս միջոցները ձեռնարկվել են՝ քաղաքի բնակիչներին զբոսաշրջիկների ամբոխներից պաշտպանելու համար, որոնք սնվելու նպատակով կանգ են առնում փողոցների մեջտեղոմ և խանգարում տեղաշարժին: Բացի այդ, դրսում ուտողներն աղտոտում են փողոցները և երբեմն նույնիսկ վնաս հասցնում տեսարժան վայրերին:

Նշվում է, որ նոր օրենքի կատարմանը կհետևեն կամավորները, որոնք էլ կզբաղվեն տուգանքներ գրելով: