Ընտրական օրենսդրական ակտերի անընդհատ կատարելագործումը չի նշանակում, որ իրավակիրառման պրակտիկան ճիշտ ենք կազմակերպում. Գ. Կոստանյան (տեսանյութ)
Հանրության մեջ առկա տեսակետը, թե քրեականացվում է ընտրակաշառք տալը և ստանալը, տեղին չէ, ընտրակաշառքը քրեականացվել է 2015թ-ի սահմանադրական հանրաքվեին. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Կոստանյանը նշեց, որ այլ հարց է, որ նման նախաձեռնություն լինում է ցանկացած ընտրական պրոցեսից առաջ:
«Ես համաձայն եմ, իհարկե, որ ցանկացած ընտրական պրոցեսին հաջորդող շրջանում անպայման ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնք լրացուցիչ կատարելագործելու անհրաժեշտություն է լինում: Պետք է վեր հանվեն նախորդի բացթողումները, և շտկման համար քայլեր կատարվեն»,- ասաց նա և հավելեց, որ ինքը Կառավարության այս մոտեցումը ողջունում է:
«Մեր դիտարկումները պայմանավորված են իրավական տեսակետով. հանցագործության նկարագրական մոտեցում ենք փոխում, որը բավական խնդրահարույց է. վստահ չենք՝ հանցագործության դեպքում ինչպես են կիրառվելու: Մեր խնդիրն այն է, որ հանցագործությունն ունենա կանխատեսելիություն և որոշակիություն, ցանկացած քաղաքացի իմանա՝ ինչն է քրեորեն պատժելի, ինչը՝ ոչ»,-ասաց նա և հավելեց, որ այն, ինչ հանձնաժողովի նիստին քննարկել են, դասագրքային ճշմարտություն են: «Բարձրացրել ենք դասագրքային մակարդակով, որ գոնե այս նվազագույնն ապահովենք, չընկնենք բանավեճերի մեջ»,- ասաց նա:
Բացի դրանից, Գևորգ Կոստանյանը նշեց, որ ընտրական օրենսդրական ակտերի անընդհատ կատարելագործումը չի նշանակում, որ իրավակիրառման պրակտիկան ճիշտ ենք կազմակերպում:
«Եթե պրակտիկան ճիշտ կիրառվեր՝ այսօր նման փոփոխությունների կարիք չէր լինի: Ուզում եմ հույս հայտնել, որ բացի քաղաքական փաստաթղթից՝ այս փաստաթուղթը դառնա նաև իրավակիրառման փաստաթուղթ»,- ասաց նա:










