Ցուցարարների մոտ փայտեր և այլն բոլորս տեսել ենք, բայց զենք ու զինամթերք ես ինքս չեմ տեսել. Օսիպյանը՝ «Մարտի 1»-ի մասին
Ես Մարտի 1-ին ցուցարարների ձեռքում զենք չեմ տեսել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ոստիկանության համակարգում կա՞ն պաշտոնյաներ, որոնք Մարտի 1-ի գործով առնչություն ունեն, կարող են հարցաքննվել:
«Մարտի 1-ով չեմ բացառում... այո, կան ոստիկաններ, որովհետև եղել են ընդգրկված տարբեր քանակի ստորաբաժանումներ, բայց սա չի նշանակում, որը բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության»,- ասաց Օսիպյանը:
Դիտարկմանը, թե խոսքը փաստաթղթեր կեղծելու մասին է, նա ասաց, որ չի տիրապետում, ՀՔԾ-ն կպարզաբանի: «Փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է: Թե ով է արել՝ չեմ կարող ասել: Արդյոք հնարավո՞ր է անել՝ եկեք չբացառենք, բայց եթե այդպիսիք կան, թող պատասխանատվություն կրեն»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը, հարյուրավոր ոստիկանների պես, տեղյակ չէ:
Հարցին՝ մարտի 1-ին ցուցարարների ձեռքում տեսե՞լ եք զենք, նա պատասխանեց, որ ինքն անձամբ չի տեսել: «Փայտեր և այլն բոլորս տեսել ենք, բայց զենք ու զինամթերք ես ինքս չեմ տեսել»,- ասաց նա:
Իսկ այն հարցին՝ ո՞վ է հրաման տվել մարդկանց հրապարակից բռնի ուժող դուրս բերել, Օսիպյանն ասաց, որ ճիշտ կլինի հարցը ուղղել նրանց, ովքեր այդ օրը վերադաս են եղել: Միաժամանակ նա ասաց, որ իրեն տվել են հասարակական կարգն ապահովելու հրաման: «Հասարակական կարգի ապահովումն իր մեջ ներառում է տարբեր բաներ: Ոստիկանության օրենքով նախատեսված իրավունքն է դա»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն ոստիկանական համակարգում մարդիկ, ովքեր հարցաքննության են հրավիրվել: Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել:










