Բողոքի ցույցեր Կառավարության դիմաց. ակտիվիստները փուչիկներ են պայթեցնում՝ ի նշան բողոքի (տեսանյութ)
11։45
Կառավարության դիմաց ակցիա են իրականացնում «Ամուլսարի» հանքի շահագործման դեմ հանդես եկող բնապահպաններն ու Սևանի պաշտպանության համար պայքարող ակտիվիստները:
«Սևանն Ամուլսարի թիկունքին է», «գլոբալ արդարություն», «Ավինյան, կոֆեն ցիանիդո՞վ, թե՞ առանց» պաստառները պարզած ակտիվիստները պահանջում են խիստ տեսչություն իրականացնել, չփչացնել բնությունը:
Ակտիվիստները փուչիկներ էին բերել, որոնց վրա գրված էր՝ «պատասխանատու հանքարդյունաբերության միֆ», որոնք ի նշան բողոքի պայթեցվեցին:
Ակտիվիստներից ոմանք ակցիային էին եկել հրեշտակի թևերով՝ ցույց տալով, որ իրենց պայքարը խաղաղ է:
«Մասնավոր ընկերություններին միջազգային մակարդակով պաշտպանելու նպատակով զարգացող պետություններին պարտադրվում են ներդրումային պայմանագրեր, որոնք հետապնդում են շահույթ հետապնդողների շահերը և զարգացող երկրներին պահում են հանքահումքային կցորդի կարգավիճակում: Դրանք անարդար սկզբունքների հիման վրա են, պետությունների սուվերենությունը ստորադասվում է շահույթ հետապնդողների հետաքրքրություններին»,- ասաց ցույցի ակտիվիստներից մեկը:
Ի նշան բողոքի՝ ակտիվիստները պայթեցրին ևս մեկ փուչիկ՝ «միջազգային արբիտրաժի սպառնալիքը» գրառմամբ:
11։10
Նշենք, որ մի քանի մետր այն կողմ բողոքի ակցիա են անում խաղաղ պայմաններում բանակում զինվորներ կորցրած սևազգեստ մայրերը:
Նրանց մոտեցավ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ վերահսկողական ծառայության ևս 10 աշխատակիցների հետ:
«Ժողովո՛ւրդ ջան, մոտ 10 աշխատակից եկել է, ես գնամ նիստի էլի»,- ցուցարարներին խնդրեց Դավիթ Սանասարյանը:Սակայն ցուցարարները չէին զիջում, մի տղամարդ խնդրում էր «ընդամենը 2 րոպեով արտահայտվել» Մեղրաձոր համայնքի թալանի մասին, որի հետևում, ըստ տղամարդու, կանգնած է «մեր հարգարժան վարչապետի կուսակիցը»:
«Էս բաղձալի հաղթանակից հետո ուրախացանք, որ վերջապես կգա մի արդարացի իշխանություն, սակայն 3 հատ նամակ եմ ուղարկել, վարչապետին չեն հասնում»,- ասաց տղամարդը:
Մի կին բողոքում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ասելով, որ վերջինս իրենց չի ընդունում:
Ի վերջո, Դավիթ Սանասարյանը խոստացավ բոլորին հետո ընդունել և մեկ առ մեկ լսել:
------------------------------
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 20 տարուց ավել Զինված ուժերում ծառայություն իրականացրած սպաներ, որոնք բնակարանային խնդիրներ ունեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրը։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ խումբ պահանջում է «Մարտի 1»–ի բացահայտում։
Այլ պահանջներով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ նույնպես կան։










